.
Технологии Blogger.

вторник, мая 17, 2011

Դպրոց, որի միջանցքներում դասամիջոցին աղմուկ չկա

Մեր հանրապետությունում ապրում են 3000-3500 լսողական խանգարումներ ունեցող մարդիկ: Նրանցից շատերը հասարակության հետ ազատ կարողանում են շփվել շուրթերով, բայց նաև ունեն իրենց` ժեստերի լեզուն: Հայաստանում գործում է ընդամենը մեկ` լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր: Ինչպեսև մյուս դպրոցներում, այս մեկում ևս աշակերտները բացի սովորելուց իրար հետ շփվում են, խաղում, ընկերանում և անգամ սիրահարվում են, ապրում իրենց կյանքի խենթ օրերով:

Զանգն էլ հնչում է այնպես, ինչպես բոլոր դպրոցներում: Տարբերությունն այն է, որ դասարաններում կան լամպեր, որոնք զանգին զուգահեռ վառվում են` ազդարարելով աշակերտներին այդքան սիրելի դասամիջոցը: Միջանցքներում աղմուկ չկա, բայց դա չի խանգարում զգալ դպրոցական շունչն ու եռուզեռը:

Այս դպրոցի աշակերտները ևս ունեն երազանքներԵրազանքներ, որոնք մեզնից յուրաքանչյուրը կարող է իրականություն դարձնել`եթե գիտակցի, որ լսողական խանգարումներ ունեցող մարդիկ մեր հասարակության լիարժեք անդամներն են և նրանք էլ ուզում են հասնել իրենց երազանքներին ու նպատակներին 

Աշոտ Ավետիսյանը շուրջ 15 տարի այս կրթահամալիրի տնօրենն է: Նա սիրով համաձայնեց մեզ հետ կիսվել դպրոցի խնդիրներով և հաջողություններով:

Աշոտ Ավետիսյան
Պատմեք դպրոցի հիմնադրման,գործունեության և առաջիկա պլանների մասին: 

- Դպրոցն ունի ավելի քան 50 տարվա պատմություն: Սկզբից այն կոչվել է խուլերի գիշերօթիկ դպրոց, հետո` ժամանակի ընթացքում այն կրել է կառուցվածքային և կազմակերպչական փոփոխություններ: Այժմ դպրոցը կոչվում է լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր:

Կրթահամալիրի գործունեության սկիզբը դրվեց 2009թ.-ին, երբ հանրապետությունում գործող լսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 15 դպրոցը և թույլ լսող երեխաների թիվ 9 դպրոցը միացան իրար: Այն միակն է ամբողջ հանրապետությունում և իրականացնում է հատուկ կրթական, սոցիալական, դաստիարակչական ծրագրեր, մասնագիտական ուսուցում: Դպրոցում այսօր սովորում է 168 երեխա: Դպրոցը տալիս է միջնակարգ կրթություն, ունի նաև ավագ դպրոց` 3 տարվա ուսուցմամբ:

2011-12թթ. ուսումնական տարում պլանավորում ենք դպրոցում ունենալ նաև նախակրթարան, որտեղ երեխաները կստանան նախադպրոցական կրթություն, որը շատ կօգնի լսողության խանգարումներ ունեցող երեխաների կրթության կազմակերպմանը. այսինքն, երբ վաղ հասակից ենք սկսում  կազմակերպել ուսուցումը, նրանց մոտ ավելի շուտ է սկսվում ուսումնական պրոցեսի ընկալումը. լսողության մնացորդը պահպանվում է և սկսում զարգանալ ավելի արագ, քան մեծ տարիքում:

Դպրոցը կահավորված է, ապահովված գույքով: Ունենք շատ լավ կահավորված ննջարանային մասնաշենք: Երեխաները սնվում են օրը 4 անգամ  պետական բյուջեի հաշվին: 

Ի՞նչ կազմակերպությունների հետ եք համագործակցում: 

- Կրթական ծրագրերով համագործակցում ենք Բաց հասարակության ինստիտուտ հիմնադրամի, UNICEF կազմակերպության,ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի հետ: Իսկ կրթական ծրագրերից դուրս համագործակցում ենք խուլերի միավորման հետ և խուլերի սպորտի ֆեդերացիայի հետ: 

Ինչպե՞ս կարելի է համացանցում տեղեկություն գտնել այս կրթահամալիրի մասին:
  
- Այժմ մենք աշխատում ենք Orange Armenia ընկերության հետ: Ուզում ենք բացել մեր դպրոցի կայքըորի միջոցով ավելի հեշտ կլինի ծանոթանալ մեր կրթահամալիրի գործունեությանը: Ասեմ, որ 2011-12թթ. ուստարվա ընդունելությունը դպրոցում  սկսում ենք մայիսի վերջից: Դպրոցը 5-օրյա է, սակայն շաբաթ-կիրակի օրերին ունենք դաստիարակչական խմբեր, որ կարողանան հեռավոր մարզերից եկած երեխաները նույնպես դպրոցում մնալ:

Կրթահամալիրը կազմակերպում է երեխաների գիշերակացը, 4-անգամյա սնունդը, սպորտային և ինքնագործ պարապունքները:  

Ի՞նչ առարկաներ են ուսումնասիրվում դպրոցում: 

- Մեր աշակերտները ստանում են 12-ամյա կրթություն, միջնակարգ դպրոցի վկայականներ: Բացի դրանից 9-րդ դասարանից բարձր դասարաններ տեղափոխվող երեխաները ստանում են նաև մասնագիտություններ: Դրանք են` գորգագործություն, վարսահարդարություն, կոշկակարություն, կարուձևի մոդելավորում, հարսանյաց պարագաների ձևավորում, համակարգչային օպերատորի մասնագիտություն:

Դպրոցն ավարտելով` նրանք ունենում են մասնագիտություն, որը հնարավորություն է տալիս ամուր քայլեր դնել և ազատ մտնել հասարակություն:

Կրթարանում գործում են նաև ինքնագործ և սպորտային խմբեր: Ունենք ըմբշամարտի խումբ, որի անդամները մասնակցում են լսողական խանգարումներ ունեցող երեխաների մրցումներին, միջազգային մրցումներին: Այսօրվա աշխարհի խուլերի չեմպիոնը մեր դպրոցի շրջանավարտ է: 

Հայերեն հատուկ խուլերի բառարաններ կան, աշակերտները հնարավորություն ունե՞ն ձեռք բերելու այդ բառարանները: 

- Բոլոր աշակերտները ունեն այդ բառարանները, քանի որ դա ժեստերի լեզվի դասագիրք է համարվում: Մենք ունենք նաև հոգևոր բառարան, որը ուսուցանում է հոգևոր արժեքներ:

Երկու բառարաններն էլ հրատարակվել են մեր մասնագետների և դպրոցի աջակցությամբ, և ուսուցումը կազմակերպվում է հենց այդ բառարանների միջոցով: 

Դպրոցն ավարտելուց հետո շրջանավարտները հնարավորություն ունե՞ն բարձրագույն  ուսումնական հաստատություններում ուսանելու: 

- Նրանց ստացած գիտելիքները բավարար են թ՛ե մասնագիտական և թե կրթական առումով, որ շարունակեն կրթություն ստանալ բուհում:

Այսօր Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի հեռակա բաժնում ունենք լսողության խանգարումներ ունեցող 3 ուսանողներ, և ոչ մի խնդիր դեռևս չի առաջացել նրանց կրթությունը կազմակերպելու հարցում: Իսկ եթե անհրաժեշտություն է լինում, ապա թարգմանչի ներկայությունը պարտադիր է դառնում: 

Խուլերի ձայնը հասանելի՞ է մեր հասարակության շրջանում: 

- Այն հասարակությանը հասանելի է այնքանով, ինչքանով մենք ինքներս ներկայացնում ենք: Իսկ հանրությանը առաջին հերթին պետք է հասանելի լինի հեռուստատեսության կամ մամուլի միջոցով:

Այսօր հեռուստատեսությամբ որևէ ծրագիր չկա, որը թարգմանությունով լինի: Մենք փորձում ենք նպաստել խնդիրների լուծմանը, սակայն դրանք կապված են ֆինանսական օժանդակության հետ: 

Չե՞ք կարծում, որ այսօր շատ արմատացած են կարծրատիպերը: Ին՞չ կոչ կանեք հասարակությանը: 

- Կարծում եմ կարծրատիպերը արդեն կոտրվել են: Հասարակությունը պետք է հասկանա, որ խուլերը լիարժեք մարդիկ են: Եթե մեր պետական լեզուն հայերենն է, մայրենին հայերենն է, ապա նրանց համար պետական լեզուն հայերենն է, մայրենին`ժեստերի լեզուն: 

Հասարակությանը կոչս ուղղելուց առաջ նախ ուզում եմ կոչ անել այն ծնողներին, ովքեր լսողական խնդիրներ ունեցող երեխաներ ունեն, որ չուշացնեն նրանց ուսուցումը: Թող դիմեն մեզ:

Հասարակությանն ուղղված կոչս այն է, որ բոլորը գիտակցեն, որ մեր մեջ կան մարդիկ, ովքեր չեն լսում, բայց մտածում են մեր նման և հասարակության լիարժեք անդամներ են:

Իսկ լրատվությանն ու հեռուստատեսությանն ուղղված խնդրանքս այն է, որ գոնե մանկական հաղորդումները թարգմանվեն ժեստերի լեզվով: Սա է իմ ցանկությունը, խնդրանքը, կոչը 

Հարցազրույցը պատրաստեց` Նարե Չոբանյանը
Լուսանկարների հեղինակ`  Արթուր Կարոյան

Комментариев нет:

Отправить комментарий