.
Технологии Blogger.

пятница, марта 04, 2011

Պայքարող ճակատագրեր

Ես Արթուր Կարոյանն եմ, 26 տարեկան: «Լռության ձայն» էջը ինձ համար շատ կարևոր է, որովհետև ես էլ եմ խուլ: Մենք բոլորս հավասար ենք և ունենք հավասար իրավունքներ: Ես շատ եմ խնդրում բոլոր մարդկանց, որ հասկանան խուլերին ու չմերժեն: Մեր խուլերը կարողանում են ամենինչ անել: Մեր խումբը պետք է աշխատի խուլերի համար, որ բոլորը ճանաչեն խուլերին թե ինչով են զբաղում խուլերը: Խուլերը միայն խուլերի համար, որ բոլոր մարդիկ ճանաչեն խուլերին ու հասկանան: Մենք կբացենք մի թերթ որը կոչվում էԼռության ձայն: Մենք կլինենք համախմբվաց լրագրող-խուլեր:

Ես Անուշ Դավթյանն եմ, ծնվել եմ 1989թ-ի հունվարի 3-ին, Երևանում: Ավարտել եմ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրը: Այժմ սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գեղարվեստի վարժարանում: Իմ չլսելը ժառանգական չէ: Հայրս մահացել է դժբախտ պատահարից 1988թ-ին, իսկ ես ծնվել եմ հայրիկիս մահից մեկ ամիս անց, ուստի իմ չլսելը բժիշկները վերագրում են մայրիկիս ապրած մեծ սթրեսի հետևանք: Սակայն չլսելը կյանքում ինձ չի խանգարել լիարժեք անհատականություն լինելուն:

Իմ մեծ երազանքն է ֆոտոմոդել դառնալը, տեսահոլովակներում ու գովազդներում նկարահանվելը, մասնակցել եմ ֆոտոսեսիաների, առաջարկ ստացել նկարահանվել ֆիլմում: Բայց ինչ սկսել եմ հաճախել լրագրողական դասերին, մեջս մեծ հետաքրքրություն է առաջացել դեպի լուսանկարչությունը ու քանի որ ընտանիքս դեմ է իմ ֆոտոմոդելի մասնագիտությանը, ուստի որոշել եմ, որ ինքս լուսանկարեմ գեղեցիկը:

Ասեմ նաև, որ 2009թ-ին ունեցել եմ իմ անհատական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում: Իմ մասին հոդվածներ կան տպագրված «YES» և «Արևածաղիկ» ամսագրերում: Ես էությամբ շատ երազկոտ ու ռոմանտիկ եմ, նպատակասլաց եմ, ուժեղ կամքի տեր, ազատ եմ մտածում, բարդույթներ չունեմ, ինքս ինձ միշտ ասում եմ «ԵՍ ՈՒԺԵՂ ՄԱՐԴ ԵՄ»:
Կյանքում ունեմ մեկ նշանաբան - ԵՍ ԼՍՈՒՄ ԵՄ` ՉԼՍԵԼՈՎ:

Իմ անունն է Վահե, ազգանունս Ալավերդյան: Ծնվել եմ 1993 թվականի ապրիլի 1-ին, Երևանում: Ավարտել եմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրը: Իմ ընտանիքում բոլորը խուլ են: Ես սովորում եմ նվագել շվի և դաշնամուր, շատ եմ սիրում աշխատել համակարգչով:

Ես Շուշան Գաբրիելյանս, ծնվել եմ` ապրիլի 19-ին 1989թ.-ին, Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղում: Մեկ տարեկան հասակում հիվանդացել եմ` որի հետևանքով կորցրել եմ լսողությունս: 1996թ.մեկ տարի սովորել եմ Երևանի կիսալսողների գիշերօթիկ դպրոցում, որից հետո տեղափոխվել եմ Եղեգնաձոր թիվ 1 դպրոց և ավարտել եմ 2007թ.: Ընդունվել եմ «Գիտելիք» համալսարանի «Նկարչություն և գծագրություն» բաժինը, մեկ տարի սովորելուց հետո 2008թ. գնացել եմ ԱՄՆ, բժշկական հետազոտություն անցկացնելու նպատակով: Վեց ամիս ապրել եմ Բոստոնում, մորաքրոջս ընտանիքի հետ միասին:

Հայաստան վերադառնալուց հետո հրաժարվեցի կրթությունս նույն բուհում շարունակելու մտքից, քանի որ հաղորդակցվելը և դասախոսությունների լսելը դժվար էր և շատ ձանձրալի: 2009թ. տեղափոխվեցի Երևան և ընդունվեցի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի գեղարվեստի քոլեջի «Նկարչության» բաժնի 2-րդ կուրս: Որտեղ և հանդիպեցի իմ առաջին դասարանի ընկերուհիներին: Նրանք մեծացել և շատ գեղեցիկ աղջիկներ են դարձել: Տարիների ընթացքում ես մոռացել էի ժեստերի լեզուն, քանի որ մեր դպրոցում չեմ օգտագործել, հիմա ես, Անուշը, Սվետան միասին շատ ենք խոսում ժեստերի լեզվով նրանք ինձ օգնում են, ես կամաց-կամաց սովորում եմ: Հիմա արդեն ավելի շատ երիտասարդների հետ եմ շփվում, ովքեր ունեն լսողության խնդիրներ:

Ես Գրետա Հարությունյանն եմ, 19 տարեկան: Իմ անունը սովորել եմ, երբ դպրոց եմ գնացել: Ես ունեցել եմ դժվար խոչընդոտներով լի մանկություն: Երբ մի քիչ մեծացա, հասկացա, որ ես մի քիչ ուրիշ եմ ու տարբերվում եմ իմ հասակակիցներից: Մարդկանց հասկանալու համար ես անվերջ պիտի նայեի իրենց դեմքերին ու շուրթերին: Ամենադժվար բանը կյանքում չհասկացված լինելն է: Գուցե այդ դժվարությունն ինձ ստիպեց և օգնեց լինել համարձակ ու պայքարող: Իմ հուշերում մնացել են մայրիկիս տխուր աչքերը: Երբ հասակակիցներս վազվզում ու խաղում էին, անհոգ ծիծաղում, ես այդ ժամանակ սովորում էի... Սովորում էի խոսել... Հնչյուն առ հնչյուն բառ էի կառուցում, ուրախանում, որ ճիշտ էի արտաբերում: Ես երախտապարտ եմ մայրիկիս, որ ինքնամոռաց տառապեց ինձ հետ: Անգամ հանուն ինձ մայրս սովորեց ժեստերի լեզուն, որպեսզի ինձ անպատասխան հարցեր չմնային: Հիշում եմ, մի առիթով, հայրիկիս շնորհակալություն հայտնեցի, որ հենց իմ մայրիկին է ինձ նվիրել: Այժմ ես լիարժեք հաղորդակցում եմ ընտանիքիս հետ ժեստերի լեզվով: Հույսով եմ,որ իմ ապագան պայծառ ու լուսավոր կլինի, քանի որ այն այդպիսին դարձնելու համար ես շատ խոչընդոտներ ու փորձություններ եմ հաղթահարել:

Комментариев нет:

Отправить комментарий