.
Технологии Blogger.

пятница, июня 03, 2011

Բաց նամակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին

Հարգելի պրն. Անդրեասյան,
Ձեզ եմ դիմում որպես մի մարդ, ով իր գործընկերների հետ միասին վերջին ութ ամիսներին սերտորեն համագործակցել է խուլ և լսողության խնդիրներ ունեցող երիտասարդների հետ` սովորեցնելով նրանց լուսանկարչական, լրագրողական և համացանցային հմտություններ: Ինչպես դասերի ընթացքում, այնպես էլ դասերից դուրս և ընկերական միջավայրում մեր մասնակիցները ներկայացրել են Հայաստանում խուլերի համար առկա խնդիրներն ու անհավասար պայմանները: Համոզված եմ` բոլոր այդ խնդիրները լուծելի են` պետության, հանրության և առանձին անհատների կամքի դրսևորման պարագայում

Այս նամակով ուզում եմ անդրադառնալ այդ խնդիրներից մեկին, որը մատնանշել են բոլոր խուլերը:
             
Սա չի առնչվում նրանց սոցիալ-տնտեսական կարգավիճակին, այլ զուտ բարոյահոգեբանական խնդիր է և անմիջական կապ ունի նրանց տեղեկացված լինելու սահմանադրական իրավունքի հետ` իբրև մարդկանց և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ովքեր ուզում են, որ հարգվեն նաև իրենց իրավունքները:

             Այսօր մեր հանրապետությունում որոշ տվյալների համաձայն ապրում է լսողության խնդիր ունեցող 3000-3500 քաղաքացի, ովքեր զրկված են տեղեկացված լինելու իրավունքից, քանի որ Հայաստանում առկա տասնյակ հեռուստաընկերություններից և ոչ մեկը (ներառյալ հանրայինները) չի տրամադրում որևէ լրատվական հաղորդում, որը կուղեկցվի խուլերի համար մայրենի` ժեստերի լեզվով

            Այս նամակը Ձեզ եմ ուղղում որպես Մարդու իավունքների պաշտպանի և ՀՀ նախագահի առաջարկով ձևավորված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ նախապատրաստող աշխատանքային խմբի ղեկավարի: Իմ խնդրանքն է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկություններում ներառել նաև հետևյալ կետը.

Օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի, 3) կետի գ) ենթակետից հանել «կամ հայերեն լուսագրով» հատվածը:

Օրենքի այդ ենթակետում ասվում է. «Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է իր ծրագրերում ապահովել խուլուհամր հանրության համար հնարավոր տեղեկատվության ստացման մատչելիությունը, օրվա եթերաժամում առնվազն մեկական մանկական եւ լրատվական հեռուստահաղորդում հեռարձակել սուրդոթարգմանությամբ կամ հայերեն լուսագրով»:

Հայերեն լուսագրերը, որոնք այսօր առկա են որոշ տեղական հաղորդումների ժամանակ, անհարմար են և ոչ ընկալելի խուլերի համար և շատ դեպքերում չեն համապատասխանում ներկայացվող պատկերին: Համեմատության համար նշեմ, որ եթե հենաշարժողական հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար անհրաժեշտ է հանրապետության բոլոր բնակավայրերում ապահովել այնպիսի միջավայր, որտեղ ազատ տեղաշարժման համար խոչընդոտներ չեն առաջանա, ապա լսողական խնդիրներ ունեցողների պարագայում անհրաժեշտ է ընդամենը մեկ լրատվական հաղորդում, որը կզուգորդվի ժեստերի թարգմանությամբ:

Այս տարվա հունվարի 18-ին «Լռության ձայն» լսողության խնդիրներ ունեցող երիտասարդների խումբը նման խնդրանքով դիմել էր ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանին, իսկ պատճեներն ուղարկվել էին մի շարք այլ պաշտոնյաների, այդ թվում նաև Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանին, ով այլ աշխատանքի մեկնելուց առաջ մեզ գրավոր պատասխանել էր, որ այս խնդրով զբաղվելու հանձնարարական է տվել, սակայն մինչ օրս պաշտպանի գրասենյակից որևէ մեկը չարձագանքեց (ՀՌԱՀ նախագահ Գ. Ամալյանի պատասխանը կարդալ այստեղ իսկ ՀՀ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի պատասխանը կարդալ այստեղ):

Պաշտոնյաների նման անտարբերությունը լրացուցիչ հիասթափություն է առաջացնում խուլերի մոտ` մեկուսացնելով նրանց հասարակությունից: Հետևողական մոտեցում ցուցաբարելով այս առաջարկին` պարզապես անհրաժեշտ է Ազգային Ժողովում լսելի դարձնել խուլերի ձայնը:

Հ.Գ. Ովքեր ցանկանում են սատարել այս առաջարկին, կարող են միանալ facebook սոցիալական ցանցում առկա Պահանջում ենք վերականգնել 3500 խուլերի տեղեկացված լինելու իրավունքը:

Հարգանքերով` 
Սուրեն Դեհերյան 
Լրագրողներ հանուն ապագայի ՀԿ նախագահ
02 հունիս, 2011 թ.

Комментариев нет:

Отправить комментарий