.
Технологии Blogger.

суббота, июня 11, 2011

Հայացք դրսից. նա վերադարձել է` աջակցելու Հայաստանի խուլերի համայնքին


Մարինա Ներսեսյան
Մեր հայրենակից Մարինա Ներսեսյանը այն մարդկանցից է, ով կամավոր կերպով օգնում է Հայաստանի խուլերին: Նա ծնունդով Բեյրութից է, երկար տարիներ բնակվում էր ԱՄՆ-ում: Վերջերս Մարինան վերադարձել է Հայաստան, որպեսզի իր գիտելիքներով աջակցի Հայաստանում բնակվող խուլերի համայնքին:

Մարինայի երեք քույրերից մեկը լսողության խնդիր ուներ, որն էլ պատճառ դարձավ, որ Մարինան սովորի ժեստերի լեզուն, ինչպես նաև ուսումնասիրի խուլերին վերաբերող խնդիրներն ու մշակույթը, որպեսզի իր սիրելի քույրիկի հետ հաղորդակցվելու հնարավորություն ունենա:
ԱՄՆ-ում բնակվելիս նա մշտապես փորձել է տեղեկանալ Հայաստանի խուլերի համայնքից: Այդպես էլ գտել է «Լռության ձայն» էջը Ֆեյսբուք սոցիալական ցանցում և սկսել կամավոր կերպով թարգմանել այդ էջում տեղադրվող գրառումներն ու տարածել դրանք իր ամերիկացի ընկերների շրջանում:

- Ծնունդով Լիբանանից, բնակությամբ ԱՄՆ-ից, ինչո՞ւ որոշեցիք ձեռք մեկնել և օժանդակել Հայաստանում բնակվող խուլերին:

- Երբ մենք ապրում էինք Բեյրութում, ես տեսնում էի, որ թույլ լսողության պատճառով քույրս շատ էր տանջվում, քանի որ չէր հասկացվում հասարակության կողմից, աշխատանք չուներ: Երբ քույրս արդեն 21 տարեկան էր, հայրս որոշեց ուղարկել նրան Լոս-Անջելես, որտեղ մյուս քույրերս էին ապրում: Այնտեղ ամուսնացավ խուլի հետ, ունեցավ երկու զավակ, որոնք երկուսն էլ լսողության խնդիր չունեն և իրենց մասնագիտւթյանը զուգահեռ նաև խուլերի թարգմանիչներ են: Ես մինչև 2002 թ. ապրել եմ Բեյրութում, ուսումս ստացել եմ Հայկազյան համալսարանում` մասնագիտանալով անգլերեն լեզու և գրականություն առարկայի մեջ: 2002թ. գնացել եմ Բոստոն, որտեղ ամուսնացել եմ Կարո Քէլյանի հետ: Նա երազում էր Հայաստան գալ, և նրա երազանքը իմն էլ դարձավ:

2006թ-ից Կարոն սկսեց գալ Հայաստան: Ես չէի կարող, քանի որ պետք է ԱՄՆ քաղաքացիություն ստանայի, սակայն ամուսինս ինձ շատ էր օգնում, և նրա միջոցով տեղեկանում էի խուլերի մասին: 2007թ-ին, երբ ստացա քաղաքացիությունս, եկա Հայաստան և կամավոր կերպով սկսեցի ամերիկյան և անգլերեն ժեստերի լեզու սովորեցնել Մարաշի թույլ լսող երեխաների դպրոցում: 2008թ-ի մարտի 1-ի դեպքերից հետո մեզ ասացին, որ պետք է գնանք ԱՄՆ. մեկ տարի անց պետք է նորից վերադառնայինք Հայաստան, սակայն Կարոն մահացավ սրտի կաթվածից:

2010թ-ից եկա այստեղ և այժմ շատ եմ ուզում մնալ, սակայն եթե աշխատանք չգտնեմ` կգնամ, քանի որ Ամերիկյան համալսարանում աշխատանքս ժամանակավոր է:

-Ինչպիսի՞ն է հանրության վերաբերմունքը խուլերի համայնքի նկատմամբ Հայաստանում և Միացյալ Նահանգներում:

"Դիալոգ" կենտրոնում նա խուլերին սովորեցնում է ամերիկյան ժեստեր
-ԱՄՆ-ում խուլերը` որպես հավասար հնարավորություններ ունեցող մարդիկ, հասարակության կողմից սկսեցին ընդունվել միայն 90-ականներից: Բայց բնականաբար այժմ էլ կա մի խավ, որը վախենում է շփվել նրանց հետ զուտ չհասկանալու պատճառով:

Այնտեղ կա օրենք. եթե տվյալ հաստատության գործադիրը աշխատանքի չընդունի հաշմանդամներին, այդ կազմակերպությունը դատի է տրվում: Դրա համար վախենում են և այդ վախի պատճառով աշխատանքի են ընդունում խուլերին: Տարբերությունն այն է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև, որ, երբ այնտեղ խուլին աշխատանքի են ընդունում, նրան ուղեկցորդ են տրամադրում, ով բացատրում է աշխատանքի բնույթը մի քանի շաբաթվա ընթացքում, իսկ Հայաստանում գործադիրը պատրաստ չէ խուլին ընդունել աշխատանքի: Խուլերին կսկսեն աշխատանքի տեղավորել միայն այն ժամանակ, երբ լսող մարդիկ հասկանան, թե ինչ է նշանակում «խուլ» լինել:

-Սուրդոթարգմանությունը Հայաստանում որակյա՞լ է:

-Նախ ասեմ, որ թարգմանչի գործը միայն թարգմանությամբ զբաղվելը չպիտի լինի. թարգմանիչը նաև պետք է լինի ակտիվիստ: Դժբախտաբար Հայաստանում թարգմանիչները ժեստային լեզուն բառ առ բառ չեն թարգմանում, իրենց ուզած գաղափարներն էլ են մտցնում, որը սխալ է: Ժեստերի լեզուն միայն բառարանների օգնությամբ չես կարող սովորել:

Ես ինքս ուզում եմ հայերեն ժեստերի լեզուն սովորել, սակայն մեկը չկա, որ սովորեցնի:
ԱՄՆ-ի համալսարանում թարգմանությունը 6 տարի ուսումնասիրելուց հետո, գնում են պրակտիկայի և շփվում խուլերի հետ, քանի որ հենց խուլը պետք է որոշի թարգմանիչը լավն է, թե ոչ, և հետո տրվում է վկայականը: Իսկ այստեղ, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի սուրդոթարգմանության բաժինն ավարտելուց հետո չես կարող ուրիշ որևէ տեղ հմտանալ մասնագիտությանդ մեջ, իսկ բառարանները չեն կարող օգնել, և միայն խուլերի հետ շփվելու ընթացքում կարողանում են ժեստերի լեզվին բավականաչափ կերպով տիրապետել:


Հեռուստատեսությամբ ևս ծրագրեր չկան: Իսկ տողերը, որոնք գնում են հաղորդումների ընթացքում, բավարար չեն խուլերի համար, անիմաստ են և շատ կարճ: Եթե կառավարության կողմից ժեստերի լեզուն ընդունվի որպես պետական լեզու, շատ լավ կլինի: Օրինակ`ԱՄՆ-ում առաջին լեզուն անգլերենն է, երկրորդը` իսպաներենը, երրորդը` ամերիկյան ժեստերի լեզուն է: Իհարկե, ամեն մարդ լավ չգիտի այդ լեզուն, սակայն բավականաչափ կերպով տիրապետում է և կարողանում է շփվել խուլերի հետ:

-Ձեր կարծիքով, ո՞ր կազմակերպությունն է առավել ակտիվ գործունեություն ծավալում Հայաստանում և նպաստում խուլերի խնդիրների լուծմանը:

-Չկա որևէ կազմակերպություն, որը օգնի բոլոր լսողության խնդիրներ ունեցող մարդկանց. բոլորը բաժանված են: Մարզերում խուլերի վիճակի մասին ևս չես կարող որևէ բան ճշտել: Մեզ պետք է այնպիսի կազմակերպություն, որը գլխավորի մնացած բոլորին, և ոչ թե յուրքանչյուրը իր համար գործի: Անընդհատ ուզում եմ խուլերի պալատի հետ ծրագրեր սկսել, սակայն ոչ մի կերպ չի հաջողվում` «Նրանք միշտ զբաղված են»: Ամեն ինչ կամաց-կամաց չի լինում, եթե ցանկությունը լինի, ապա կստացվի:

-Համաձա՞յն եք, որ «Լսողության խնդիրներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում» երեխաներին տալիս են այնպիսի կրթություն, որ բավարարի բուհում ուսանելու համար:

-Վստահ չեմ, որ լիարժեք գիտելիք են ստանում: Օրինակ`ԱՄՆ-ում թույլ լսող աշակերտը առանց թարգմանչի չի կարող շփվել, իհարկե, շուրթերով հասկանում են, բայց չէ՞ որ մարդկանց շուրթերը տարբեր են և բոլորինը չի կարող կարդալ:

Դժվարությունը կայանում է նաև նրանում, որ երբ խուլ զավակ է ծնվում ընտանիքում, մանուկ հասակից երեխայի և ընտանիքի անդամների միջև հարաբերություն չի լինում, քանի որ ժեստերի լեզվին մայրն ու հայրը չեն տիրապետում: Մինչդեռ նույնը չենք կարող ասել, երբ լսող ընտանիքում ծնվում է լսող երեխա:

Հետևաբար, առաջանում է կրթության պակաս, և երբ 6 տարեկանից հաճախում են դպրոց, ոչինչ չեն իմանում: Սակայն, երբ խուլ երեխան ծնվում է խուլ ընտանիքում, երկու կողմն էլ ժեստերի լեզուն գիտի և երեխայի համար հեշտ է լինում: Երբ ես գնացի Մարաշում գործող խուլերի դպրոց և ցանկություն հայտնեցի ամերիկյան և անգլերեն ժեստերի լեզու սովորեցնել, դպրոցի տնօրենը մերժեց`ասելովամեն ինչ նորմալ է, և դրա կարիքը չկա»:

Ուրիշ ծրագրեր ևս կան, որոնք Ամերիկայի իմ ընկերներն են ուզում անվճար իրականացնել, և միայն ճանապարհածախսը պետք է հոգալ, բայց, փաստորեն, այդ ամենի կարիքը չի զգացվում:

Զրուցեց` Նարե Չոբանյանը
Լուսանկարները` Արթուր Կարոյանի

Комментариев нет:

Отправить комментарий