.
Технологии Blogger.

вторник, марта 01, 2011

Video. «Հարգելի՛ Գրիգոր Ամալյան, բացե՛ք ձեր ականջները, որ լսեք մեր անձայն ձայնը»

Անուշը 22 տարեկան է: Նա ունի լսողության խնդիրներ: Նա այլևս հեռուստացույց չի դիտում, քանի որ չկան ժեստերի լեզվով զուգորդվող հաղորդումներ:
Սուրդոթարգմանությամբ ուղեկցվող հաղորդում ունեցող միակ ալիքը՝ ԱԼՄ-ն հունվարի 20-ից եթերում չէ:

«Ես անգրագետ չեմ: Ես կարող եմ կարդալ և՛ հայերեն, և՛ անգլերեն: Բայց լուսագրերը շատ մանր են, արագ են գնում և չեն համապատասխանում պատկերին: Ես փորձում եմ և՛ կարդալ, և՛ նայել պատկերին ու ավելի եմ խճճվում»,- ասում է Անուշը: Նա, փաստորեն, զրկված է մայրենի լեզվով հաղորդումներ դիտելու հնարավորությունից:

Անուշը սովորում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի գեղարվեստի բաժնում: «Բոլորի մոտ այն կարծիքն է, որ եթե խուլ են, ուրեմն համր են, բայց դա սխալ կարծիք է: Ես խուլ եմ, բայց համր չեմ: Ես լիարժեք մարդ եմ, աստված ինձ տվել է շնորհներ: Ես նկարում եմ, ասեղնագործում եմ... Ամեն ինչ կարող եմ անել»,- ասում է աղջիկը՝ ավելացնելով, որ խուլերի և մյուս մարդկանց տարբերությունն այն է, որ խուլերը լսում են ոչ թե ականջներով, այլ՝ աչքերով: Նա նաև ցավ է հայտնում, որ Հայաստանում հաշմանդամներին հիշում են տարին մեկ անգամ՝ դեկտեմբերի 3-ին: «Այդ օրը բոլոր լրատվամիջոցները աղաղակում են, որ հաշմանդամները մեր հասարակության լիիրավ անդամ են: Օրը վերջանում է, և բոլորը մոռանում են մեր մասին: Ո՞ւր է իմ իրավունքը»,- հարցնում է աղջիկը:

Անուշի տարերքը լուսանկարվելն է: Նա ունի մեծ ֆոտոալբոմ և նույնիսկ մի ժամանակ երազել է ֆոտոմոդել դառնալ: Այժմ Անուշի տեղեկատվության միակ աղբյուրը ինտերնետն է: Նա գրանցված է սոցիալական կայքերում, որտեղ շփվում է իր հասակակիցների հետ: Բայց, նրա խոսքերով, ոչ բոլորն ունեն ինտերնետից օգտվելու հնարավորություն:

«Ես գրագետ եմ, իմ ընտանիքը ինձ օգնում է զարգանալ, բայց ինձ նման 3500 մարդ կա, ովքեր ուզում են ունենալ զարգանալու հնարավորություն: Գոնե մեկ լրատվական հաղորդում լինի մեր մայրենի լեզվով՝ ժեստերի լեզվով,- ասում է Անուշը և դիմում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահին, - Հարգելի՛ Գրիգոր Ամալյան, բացե՛ք ձեր ականջները, որ լսեք մեր անձայն ձայնը»:

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am

Փետրվար 25, 2011


Комментариев нет:

Отправить комментарий