.
Технологии Blogger.

пятница, августа 26, 2011

Նպատակ և ձգտում. Աննան ուզում է դառնալ երգչուհի, իսկ Գոռը` ծանրամարտի չեմպիոն

«Ես երգչուհի եմ դառնալու: Բեմ, երաժշտություն, հանդիսատեսի ջերմ ընդունելություն և ծափեր` դա է ինձ պետք»,- ասում է Աննա Պապոյանը: Գյումրեցի 15 ամյա աղջնակի այս ցանկությունը պարզ է և սովորական` գրեթե բոլոր  դեռահասներն են երազում բեմական փայլի մասին: Երազում են, ձգտում նպատակին ու տարիների ընթացքում հասնում դրան կամ պարզապես մոռանում: Աննայի պարագայում բոլորվին այլ է: Նա լսողողական խնդիրներ ունի: Նրա մոտ ախտորոշված է 4-րդ աստիճանի նեյրոսենսոր ծանրալսություն:

«Աննան 2 տարեկան էր: Բարձր ջերմություն ուներ: Բժշկի չդիմեցինք` սկեսուրս թույլ չտվեց, ասաց դե երեխա է, մրսել է: Ավելի ուշ դիմեցինք մեր հարևան Կարեն Ստեփանյանին, ով այդ ժամանակ աշխատում էր մաշկային հիվանդանոցում իբրև մանկական բժիշկ: Կարենը խորհուրդ տվեց «Կանամիտին» դեղը»,- պատմում է Աննայի մայրը` տիկին Գայանեն:  

Նա ասում է, որ երեխայի ճակատագիրը փոխվեց հենց այդ դեղն օգտագործելուց հետո` լսողական խնդիրներն այդ ժամանակ են առաջ եկել: Լսողական խնդիրների պատճառով, Աննան, ի տարբերություն իր հասակակիցների, չկարողացավ հաճախել մանկապարտեզ և միջնակարգ դպրոց:

Փոխարենը սկսեց հաճախել Երևանի Արաբկիր բժշկական համալիրի հատուկ կենտրոնը: Իսկ 2008 թվականին, երբ նմանատիպ կենտրոն ստեղծվեց նաև Գյումրիում, Աննան տեղափոխվեց այստեղ: Հենց այս համալիրում էլ աղջկան գրել-կարդալ սովորեցրին:

Աննան օգտագործում է լսողական սարք, որի հետ կապված խնդիրները հարթվում են մայրաքաղաքում` անհրաժեշտ մարտկոցներ, ներդիրներ հնարավոր է գտնել Երևանում: Սարքի մասնագետները նույնպես մայրաքաղաքում են: Պետության հատկացրած անվճար դետալները շատ հաճախ աղջկա ականջի չափերին չեն համապատասխանում և Աննայի մայրը խոստովանում է, որ այդ պատճառով լսողական սարքերը շատ հաճախ ցավ են պատճառում:

Դեֆեկտոլոգ-լոգոպետ Արմենուհի Մարտիրոսյանի խոսքերով աղջիկը մեծ հաջողությունների կարող է հասնել, եթե նրա լսողական սարքը փոխվի: Նրա ներկայիս ապարատը չի համապատասխանում նրա ֆիզիկական տվյալներին, անհրաժեշտ է նորը` գերհզորը: Ապարատի արժեքը տատանվում է 4.500-5000 եվրոյի շրջանում: Այն ձեռք բերելու համար ընտանիքը գումար չունի:

2010 թվականի մարտից Աննայի ծնողները դիմել են Գյումրու երեխաների սոցիալական հոգածության կենտրոնի օգնությանը, սակայն պատասխան դեռ չեն ստացել:
Նման խնդիր ունի նաև 15-ամյա Գոռ Պապոյանը: Տղան 10-րդ դասարանում է սովորում: Գերհզոր ապարատի բացակայության պատչառով դժվարացել է ուսումը շարունակել: Նա այժմ զբաղվում է ծանրամարտով:

«Աստված տա երեխես ապագայում չեմպիոն դառնա: Մեծ նվիրումով կպարապի,-պատմում է Գոռի մայրը` Ռիմա Ասատրյանը,- Խելացի տղա ունեմ, լավ համակարգչային գիտելիքներ ունիՀիվանդությունն ի ծնե է, բայց ժառանգական չէ: Սկզբում չենք էլ հասկացել, որ առողջական խնդիրներ ունի: Շեղումներ նկատեցինք 3.5 տարեկան հասակում»:

Գոռը սովորել է Երևանի նախկին թիվ 26 գիշերօթիկ դպրոցում, որը 7 տարի առաջ օպտիմալացման ծրագրի շրջանակում փակվեց, ու տղան հայտնվեց փակուղու առաջ: Այսօր նրա հետ աշխատում են երեխաների հոգածության կենտրոնի սոցիոլոգները: 2009 թվականից Արաբկիր բժշկական համալիրի սան է, ինչպես նաև հաշվառված է Գյումրու մասնաճյուղում:

Գյումրու կենտրոնը գործում է 2008 թվականի մարտից, պետական պատվերի շրջանակում: Այստեղ հաշվառված են 12 շահառու, 16 շահառու էլ հերթի են կանգնած: Շահառուների տարիքը սահմանափակ է` 0-ից 14 տարեկան: Յուրքանչյուր երեխայի կենտրոնում աշխատում են 2 տարի: Կենտրոնը հնարավորություն ունի միառժամանակ աշխատել 5 երեխայի հետ: Մյուսները սպասում են:

«Մինչև 2 տարին լրանում է, սպասող երեխայի մոտ առողջական խնդիրները էլ ավելի են խորանում: Այսպես աշխատելը սխալ է: Շատերն են տուժում»,- ասում է կենտրոնի սուրդոթերապևտ Հրանուշ Հովհաննիսյանը:

Սրանից զատ մարզում մեկ այլ խնդիր էլ կա: Որոշ ծնողներ խուսափում են բարձրաձայնել իրենց երեխաների լսողական խնդիրների մասին` մեկուսացնելով նրանց հասարակությունից: Սակայն վաղ տարիքում անհրաժեշտ խնամք և բժշկական օգնություն չստանալով, երեխաները տարիների ընթացքում ավելի մեծ խնդիրների արջև կկանգնեն:

Հեղինակ` Արմինե Ավետիսյան 
Գյումրի

Комментариев нет:

Отправить комментарий