.
Технологии Blogger.

суббота, апреля 09, 2011

Պատրաստ են վճարել սուրդոթարգմանիչին

Լսողության խնդիրներ ունեցող ավելի քան 3500 մարդ այսօր զրկված է իր մայրենի լեզվով՝ ժեստերի լեզվով տեղեկատվություն ստանալու իրավունքից։ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) հայտարարած կապուղիների վերջին մրցույթի արդյունքում եթերից զրկվեց «ԱԼՄ» հեռուստաընկերությունը, որը սուրդոթարգմանությամբ ուղեկցվող հաղորդումներ ունեցող միակ ալիքն էր։

«Լռության ձայն» խուլ երիտասարդների սոցիալական խումբը բաց նամակ է գրել ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանին և մտահոգություն հայտնել այս առիթով։ Պատասխան նամակում Ամալյանը բերել է այն հիմնավորումը, որ պետությունը ապահովում է խուլ անձանց դպրոցական կրթությունը և նրանք կարող են տեղեկատվություն ստանալու իրենց իրավունքը իրացնել հայերեն լուսագրերով (վազող տող) զուգորդվող հաղորդումներ դիտելով։
«Լուսագրերը մատչելի չեն մի քանի պատճառներով՝ տողը արագ է վազում, տառերը փոքր են, պատկերը չի համապատասխանում գրածին»,- ասում են խուլ երիտասարդները։ «Համոզվելու համար անջատե՛ք հեռուստացույցի ձայնը, կարդացե՛ք լուսագրերը և հետևե՛ք պատկերին»,- խորհուրդ են տալիս նրանք։

Վահե Ալավերդյանը 18 տարեկան է, «Լռության ձայն» խմբի անդամ է: «ԱԼՄ»-ի փակվելուց հետո նա և իր ընտանիքի անդամները հեռուստացույց ընդհանրապես չեն դիտում։

«Նախկինում միշտ անհամբեր սպասում էինք այդ լրատվական հաղորդմանը, որ իմանանք աշխարհում ինչ է կատարվում, իսկ հիմա այդ հաղորդումը չկա, և մի տեսակ հուսալքված ենք։ Իմ հասակակիցները լիարժեք ինֆորմացիա են ստանում և ընտրության հնարավորություն ունեն։ Ես չունեմ այդ հնարավորությունը, մեզ պարտադրում են մի բան, որը մեզ հարմար չէ։ Ես կարծում եմ, որ իմ տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտված է, այն էլ 21-րդ դարում, որը համարվում է տեղեկատվության դար։ Ես տեղեկատվության պակաս եմ զգում,- ասում է Վահեն և ավելացնում։- Ես խուլ եմ, բայց մտավոր խնդիրներ չունեմ։ Ես լիարժեք մարդ եմ։ Պարզապես ես մտածում եմ ժեստերի լեզվով, ես լսում եմ աչքերով։ Գիտեք ինձ հաճելի՞ է խուլ լինել... Եթե չեք կարող ինձ թարգմանիչ ապահովել, ուրեմն ինձ լսող դարձրե՛ք»։

22 տարեկան Անուշ Դավթյանի խոսքերով՝ մինչև «Լռության ձայն» խմբին միանալը կյանքը իր համար մեռած էր, իսկ հիմա ինքը արտահայտվելու և իր խնդիրների մասին բարձրաձայնելու հնարավորություն ունի։ Նա անարդարացի է համարում այն, որ լսող և խուլ մարդկանց համար հավասար պայմաններ ստեղծված չեն։ «Ինչո՞ւ լսողը պետք է ինֆորմացիա ունենա, զարգանալու հնարավորություն ունենա, իսկ ես՝ ոչ։ Ես էլ եմ ուզում զարգանալու հնարավորություն ունենալ»,- ասում է Անուշը՝ ավելացնելով, որ, այո՛, իրենք կարող են լուսագրերը կարդալ, բայց խնդիրն այն է, որ անընդհատ կարդալուց իրենց աչքերը հոգնում են։
«Ինձ համար խուլ լինելը շատ դժվար է»,- ասում է 25-ամյա Արթուր Կարոյանը։ Նա նույնպես «Լռության ձայն» խմբի անդամ է և այլևս հեռուստացույց չի դիտում։ Նա ցավ է ապրում նաև խուլ երեխաների համար, ովքեր զրկվել են ժեստերի լեզվով թարգմանվող մանկական հաղորդումներ դիտելու հնարավորությունից։ «Ես վիրավորված եմ մեր պետությունից, հասարակությունից, չգիտեմ էլ ումից... Ես պահանջում եմ, որ ժեստերի լեզվի թարգմանիչը վերադառնա եթեր»,- հայտարարում է նա։

Զուբեյդա Մելիքյանը սուրդոթարգմանիչ է, դասավանդում է լսողության խնդիրներ ունեցող երեխաների հատուկ դպրոցում, ժեստերի լեզվի հայերեն բառարանի հեղինակն է։ Ժեստերի լեզուն նա սովորել է վաղ տարիքից. «Իմ ծնողները խուլ են, և ես շատ լավ ծանոթ եմ խուլերի խնդիրներին։ Իրենք աչքերով են ստանում ինֆորմացիա, դա նրանց առանձնահատկությունն է»։
Նա համոզված է, որ ընդամենը երկու հաղորդում սուրդոթարգմանությամբ զուգորդելը մեծ ծախսերի հետ կապված չէ, պարզապես ցանկություն է պետք. «Մենք պատրաստ ենք ինքներս վճարել թարգմանիչներին։ Մենք յուրաքանչյուրս կհավաքենք 100-ական դրամ և կվարձատրենք թարգմանիչներին»։

«Լռության ձայն» խուլ երիտասարդների սոցիալական խմբի 12 անդամներ «Համացանց.հավասար հնարավորություններ խուլերի համար» ծրագրի շրջանակներում սովորում են լրագրություն՝ նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ: Ծրագիրն իրականացնում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն միջազգային դոնորների օժանդակությամբ։ «Մենք մոտեցանք խուլերին, որ նրանց մոտեցնենք մեզ բոլորիս»,- ասում է կազմակերպության ղեկավար Սուրեն Դեհերյանը: Նա սկսել է ուսումնասիրել և սովորել ժեստերի լեզուն, որպեսզի կարողանա անմիջականորեն շփվել ծրագրի մասնակից խուլ երիտասարդների հետ։ Իսկ մինչ այդ հաղորդակցվել օգնում են մանկավարժական համալսարանում ուսանող ապագա 4 սուրդոթարգմանիչներ։

«Բացե՛ք ձեր սրտերը, լսե՛ք լռության ձայնը և կհամոզվեք, որ լռությունն էլ ձայն ունի»,-բոլորին կոչ է անում ժեստերի լեզվի մասնագետ Զուբեյդա Մելիքյանը։

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am

Փետրվար 04, 2011

Комментариев нет:

Отправить комментарий