.
Технологии Blogger.

пятница, апреля 08, 2011

Ես ուժեղ մարդ եմ

Անուշ Դավթյանը սովորում է "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրի գեղարվեստի վարժարանում: Շատ է սիրում նկարել, ասեղնագործել: Ամենամեծ երազանքն է դառնալ ֆոտոմոդել, նկարվել գովազդներում և տեսահոլովակներում: Անուշի հայրը մահացել է 1988-ի երկրաշարժի ժամանակ, իսկ ինքը ծնվել է հոր մահից մեկ ամիս անց, և բժիշկներն աղջկա լսողության խնդիրը
վերագրում են մոր ապրած սթրեսին:

20-ամյա օրիորդը շատ մեծ կամքի ուժ ունի: Նա նաև շատ ինֆորմացված է, ցանկացած հարցի շուրջ կարող է խոսել: Իսկ այդ հարցում նրան օգնում է ընտանիքը:

Անուշի նամակը մեր խմբագրությանն առիթ հանդիսացավ մեր ծանոթությանն ու զրույցին, որը ներկայացնում ենք ձեզ, սիրելի ընթերցող:

-Ինչպես եք հաղթահարում շփման դժվարությունները:
-Ես երբեք չեմ ամաչում այն փաստից, որ թույլ եմ լսում: Մարդկանց հետ շատ ազատ եմ շփվում, շատ ընկերներ ունեմ: Ինձ շատ է օգնում ընտանիքս, առաջին հերթին` մայրիկս: Նա ինձ համար ամեն ինչ է:

-Ինչու եք երազում ֆոտոմոդել դառնալ:
-Շատ եմ սիրում տարբեր զգեստներ հագնել և նկարվել: Տանն էլ գրեթե ամբողջ օրը իմ զբաղմունքը դա է: Ազատ եմ մտածում, բարդություններ չունեմ և շատ խենթությունների եմ պատրաստ: Երբ ֆոտոմոդել դառնամ, <<գժի>> նման կուրախանամ: Շատ կուզենայի նկարահանվել Քրիստինե Պեպելյանի տեսահոլովակում:

-Երբևիցե ցանկացել եք ինչ-որ մեկին նմանվել:
-Ես ոչ ոքի նման չեմ և չեմ էլ ուզում նմանվել: Ես այն եմ, ինչ կամ: Ես ես եմ:

-Կպատմեք ձեր ընկերների մասին:
-Մարդկանց հետ դժվար եմ հոգեկան կապ ստեղծում և գաղտնիքներս էլ երբեք չեմ վստահի, բայց եթե նվիրվում եմ` ապա ամբողջ հոգով: Իսկ ավելի շատ վստահում եմ Հայկին: Նա նույնպես թույլ լսող է, զբաղվում է պարարվեստով և ինձ հիմնականում նա է նկարում: Հայկը շատ լավ տղա է: Նա իմ ամենամոտ ընկերներից է:
Ընկերության մեջ շատ եմ կարևորում անկեղծությունը, տանել չեմ կարողանում դավաճանությունն ու կեղծավորությունը:


-Նկարելիս կամ ասեղնագործելիս որ գույներն եք ավելի շատ օգտագործում:
-Սև, սպիտակ, մանուշակագույն, կանաչ: Շատ եմ սիրում նկարել Արարատը:

Անուշիկի հետ հարցազրույցի էր եկել նրա մորաքույրը` Լուսինեն: Նա մի փոքր պատմեց նրա գույների աշխարհի մասին:

-Երբ Անուշիկը դեռ փոքր էր և նոր Էր սկսում նկարել, նրան նվիրեցին Մարտիրոս Սարյանի ալբոմը: Իսկ նա ընտրեց միայն սև-սպիտակ նկարները և արտանկարեց սև մատիտով: Դիմեցինք հոգեբանի, որն ասաց, թե երեխայի ներաշխարհը սահմանափակվում է սևով և սպիտակով, այսինքն` նրա կյանքում գույներ չկան: Հոգեբանի հետ աշխատելուց հետո քիչ-քիչ Անուշիկը սկսեց տեսնել գունավոր:

-Անուշ, կուզենայիք վերադառնալ մանկություն:-Երբ հիշում եմ մանկությունս, ուզում եմ, որովհետև շատ չարաճճի էի: Չնայած հիմա էլ նույնն եմ, և բոլորը գիտեն իմ չարաճճիության մասին: Օրինակ, երբ շատ եմ բարկանում` հնարավոր է, որ աղջիկների, նույնիսկ տղաների հետ կռվեմ:

-Ինչը կարող է բարձրացնել ձեր տրամադրությունը:
-Ամպ, տխուր եղանակ, մռայլություն չեմ սիրում: Գարուն… գունավոր աշխարհ եմ սիրում, այն ինձ ոգեշնչում է:

-Ձեզ համարում եք ռոմանտիկ, թե ռեալիստ:
-Ես էությամբ շատ երազկոտ եմ ու ռոմանտիկ: Գրեթե միշտ ամպերում եմ սավառնում: Նույնիսկ երբ պետք է ռեալ մտածել, չեմ դադարում երեզելուց:

-Ում խորհուրդներն եք լսում:
-Մայրիկիս, միայն մայրիկիս: Ընկերուհիներիս չեմ լսում, որովհետև հնարավոր է` սխալ խորհուրդներ տան:

-Սիրում եք:
-Հիմա սիրո մասին չեմ ուզում խոսել և մտածել, որովհետև վերջերս շատ մեծ ցնցում ապրեցի… Ես և նա իրար չհասկացանք, միմյանցից շատ տարբեր էինք: Երբ բաժանվեցինք, շատ եմ լացել, հուսահատվել, բայց հետո կամաց-կամաց հասկացա, որ դա վերջը չէ:

-Որն եք համարում ձեր բնավորության ամենալավ գիծը:
-Նպատակասլաց եմ, ուժեղ կամքի տեր և պատասխանատվության զգացում ունեմ: Եթե ինչ-որ նպատակ եմ ունենում, ապա ամեն կերպ փորձում եմ հասնել դրան: Իսկ եթե պետք է, ապա գիշերվա 3-4-ն էլ լինի` կանեմ աշխատանքս, հետո միայն հանգիստ խղճով կքնեմ:

-Ձեր նշանաբանը:
-"Ես ուժեղ մարդ եմ": Ընդհանրապես փորձում եմ միշտ առաջ գնալ, հասնել նպատակներիս: Իհարկե, միայն Աստված գիտի ապագան, ես չգիտեմ:
Իմ հաջողության թիվն եմ համարում 3-ը: Ուզում եմ ունենալ երեք երեխա:


Հարցազրուցը վարեց Նարե Չոբանյանը
Այս հարցազրույցը տպագրվել է "Արևածաղիկ" ամսագրում

Комментариев нет:

Отправить комментарий