.
Технологии Blogger.

пятница, апреля 08, 2011

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐԻՆՆ Է


Գրետա Հարությունյանը թույլ լսող է, սովորում է Հայկական պետական մանկավարժական համալսարանի նախադպրոցական, սկզբնական և հատուկ կրթության ֆակուլտետի հեռակա ուսուցման սուրդոմանկավարժություն մասնագիտության 2-րդ կուրսում: Նա հանրապետության այն քիչ լսողության խանգարումով անձանցից է, որ սովորում է բարձրագույն ուսումնական հաստատությունում:
-Ինչպե՞ս որոշեցիր ընդունվել համալսարան:
-Ես դեռ մանկուց երազում էի դառնալ մանկավարժ, կրթել և դաստիարակել երեխաներին: Բայց միայն երազում էի: Իսկ երբ իմ ուսուցչուհի Զուբեյդա Մելիքյանին պատմեցի երազանքս, նա ինձ վստահեցրեց, որ կարող եմ սովորել մանկավարժական համալսարանում, դառնալ սուրդոմանկավարժ և իրականացնել երազանքս, չէ՞ որ կրթությունը բոլորի համար է: Այդպես ես ընդունվեցի մանկավարժական համալսարան:
-Ինչպե՞ս ընդունեցին քեզ համակուրսեցիներդ, երբ իմացան, որ դու թույլ լսող ես:
-Սկզբում, երբ դեռ չգիտեին, որ ես թույլ լսող եմ, անտարբեր էին: Բայց երբ մայրիկս նրանց ասաց այդ մասին, համակուրսեցիներս սկսեցին հետաքրքրվել ինձանով, փորձում էին ընկերանալ և շփվել: Նրանց ջերմ վերաբերմունքն ինձ ուժ տվեց կոտրելու այն կարծրատիպերը, որոնք խանգարում էին ինձ լսողների հետ շփվելիս:
-Ինչպե՞ս ես հաղորդակցվում նրանց հետ:
-Բոլորին էլ հայտնի է, որ լսողության խանգարումներով մարդիկ դժվարանում են լսողների հետ հաղորդակցվել միայն բանավոր խոսքով, և քանի որ համակուրսեցիներս չգիտեին ժեստերի լեզու` հիմնականում մայրիկիս օգնությամբ էին շփվում ինձ հետ, իսկ երբեմն էլ` գրելով: Բայց մասնակցելով ժեստերի լեզվի հատուկ դասընթացներին` այժմ մենք կարողանում ենք ազատ շփվել միմյանց հետ:
-Ի՞նչ կցանկանայիր փոխել համալսարանում, որպեսզի ուսուցման գործընթացը քեզ համար առավել մատչելի լինի:
-Կցանկանամ, որ իմ մասնագիտական առարկաների շարքում ժեստերի լեզուն առաջնահերթ տեղ զբաղեցնի, քանի որ այն խուլերի մայրենի լեզուն է, և սուրդոմանկավարժը, մտնելով խուլերի դպրոց, պետք է վարժ տիրապետի ժեստերի լեզվի: Բացի այդ, ուսումնական նյութը մանրամասն ու խորը ընկալելու համար, համալսարանում ինձ հարկավոր է ժեստերի լեզվի թարգմանիչ: Բայց վերջինիս բացակայության պատճառով, դասերը թարգմանում է մայրիկս:
-Համալսարանից դուրս ինչո՞վ ես զբաղվում:
-Համալսարանից դուրս մասնակցում եմ տարբեր սեմինարների, սովորում եմ հարսանյաց ձևավորում, ուլունքագործություն և մատնահարդարություն: Իսկ ազատ ժամանակ համացանցով շփվում եմ ընկերներիս և հարազատներիս հետ, ինչպես նաև օգտվում եմ տարբեր հետաքրքիր կայքերից` կապված վարսահարդարության, մատնահարդարության և հարսանյաց ձևավորման հետ:
Բացի այդ, իմ ընկերների հետ մասնակցում եմ <<Լրագրողներ հանուն ապագայի>> ՀԿ-ի կազմակերպած ծրագրին, որի նպատակն է ստեղծել հայ խուլերի ինտերնետային կայք, ըստ որի մենք կկարողանանք ամբողջ աշխարհին պատմել մեր խնդիրների, հետաքրքրությունների ու ձեռքբերումների մասին:
-Եթե չընդունվեիր մանկավարժական համալսարան, ի՞նչ կցանկանայիր դառնալ:
-Ես շատ եմ սիրում մատնահարդարի, ինչպես նաև ժեստերի լեզվի թարգմանչի մասնագիտությունը, քանի որ խուլերի կյանքում վերջինս մեծ դեր է կատարում: Առանց նրա խուլը նման է առանց սայլակի հաշմանդամի: Բայց քանի որ ես թույլ լսող եմ, ցավոք չեմ կարող տիրապետել այդ մասնագիտությանը:
-Քանի որ նոյեմբերի 17-ը ուսանողների միջազգային օրն է, ի՞նչ կմաղթես քո համակուրսեցիներին և առհասարակ բոլոր ուսանողներին:

-Ուսանողներին մաղթում եմ, որ բոլորն էլ լավ սովորեն, դառնան լավ մասնագետներ ու հասնեն իրենց նպատակներին: Թող միշտ պայքարեն ու հաղթեն, սովորեն ժեստերի լեզուն, որ կարողանան ազատ ու անկաշկանդ շփվել նաև խուլերի հետ:

Հարցազրույցը` Լուսինե Մխիթարյանի

Комментариев нет:

Отправить комментарий